Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար, նշեց, որ դրանք կեղծ են։
«Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում եմ արձանագրել որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ, նոյեմբեորի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին ու ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը:
Ընդդիմության ցույցերի մասին ԱԽ քարտուղարը նշեց՝ ցույցերի կազմակերպիչները ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը օրենքի ու օրինականության շրջանակներում ու դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: