Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր գործընկերների շարքում կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։
«Այո, կան, բայց մի բան էի ուզում նշել, որ իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգայնորեն ընդունված իրավական գործիքներ, որոնք այսպես թե այնպես պետք է զարգացած պետությունները ունենան, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը հենց այդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ մի դեպքում մենք՝ որպես իրավական պետության ներկայացուցիչներ այս գաղափարներից, իհարկե, հրաժարվել չենք կարող»,- ասաց Գալյանը։