ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմության կողմից նախարարություններին ուղղված այդ հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը նման հարցադրումներ անելու բազմաթիվ հնարավորություներ ունի․ «Նման հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հնարավորություն ունի գրավոր դիմելու, որը մտնում է պատգամավորների լիազորությունների մեջ և այլն։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»։
Սիմոնյանը ասաց, որ իրենք ավելի շատ բան են արել Արցախի համար, քան ընդդիմությունը՝ հղում անելով պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները։ «Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապույտեր անելով և սելֆիներ անելով, այլ գործով, որը իրենք չեն անում»,- ասաց Սիոնյանը։