Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադիրքին առնչվող քննարկումներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:
Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:
Ավելի վաղ թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը նախարարությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին: