Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի» կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Հայաստանը դեկտեոմբերի 14-ին Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Միաժամանակ, Հայաստանը նույն օրը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: